Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Որքան էլ ցույց տաս քո գրագիտությունը, կարդացածությունը, հիշես Ջեյմս Ռոբինսոնին կամ մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուն, ոչինչ չի փոխվի

Որքան էլ ցույց տաս քո գրագիտությունը,  կարդացածությունը, հիշես Ջեյմս Ռոբինսոնին կամ մեր հայրենակից  Տարոն Աճեմօղլուն, ոչինչ չի փոխվի
12.02.2013 | 00:18

Արդեն գիտենք` ՀՀ նախագահի թեկնածության առաջադրումից Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց` պատճառաբանելով տարիքը: Թվում էր, նման կամարտահայտությամբ նա, որպես քաղաքական գործիչ, իր մահկանացուն կնքեց: Սակայն պարզվում է` պատճառն ամենևին էլ այդպես չէ: Ոչ թե տարիքն էր առաջադրվելուց խուսափելու, այլ ռեալ պոլիտիկը մանրակրկիտ հաշվարկից հետո լավ էր գնահատել իր ընտրվելու հնարավորությունները: Ապագայում այդ հնարավորությունները մեծացնելու և նորեն մեծ քաղաքականություն վերադառնալու համար նա նոր ուղիներ է փնտրում: Եթե կարճ ժամանակում կարողանա նպատակներն իրագործել, ապա չի սպասի մինչև հաջորդ նախագահական ընտրությունները: Շատ արյուն թափելուն նա ոչ միայն սովոր է, այլև միշտ պատրաստ: Դե մեր ժողովուրդն էլ, որ անիմաստ նահատակվելու մեծ փորձ ունի, միշտ պատրաստ է, եթե ավելի ճիշտ միտքս ձևակերպեմ, խաբվելուն միշտ պատրաստ է, որը վերջին հաշվով բերում է նահատակության: Փորձեմ հիմնավորել մտքերս Լևոն Տեր-Պետրոսյանի` օրերս տված հարցազրույցի մտքերով: Որպեսզի ընթերցողին պարզ լինի ասելիքս, ստիպված եմ մեջբերում կատարել նրա արտահայտած մտքերից.
-Բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով (հավանաբար նա մոռացել է իր պարտայգենոսե Արայիկ Սահակյանի խոսքերը 100-հազարանոց Հայաստանի մասին, կամ էլ թե սեփական ցանկությունը Շվեյցարիա դառնալու համար` ընդամենը 600 հազար բնակչությամբ Հայաստանի մասին- Ս. Հ.) տասը-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր (այո, ցավոք, մեր ժողովուրդը դարեր շարունակ կենսապայմաններից, պատմական իրադարձություններից ելնելով լռելյայն ատելությամբ զսպանակի պես սեղմվել է, բայց և կրիտիկական պահին ահռելի ուժով բացվել և ստացել է իր ցանկալի հաղթանակը: Օրինակներ` Սարդարապատի հաղթանակը, ղարաբաղյան շարժումը, և արդյունքում` փառավոր հաղթանակը: Եթե ապագա իշխանությունները, որոնց մեջ, ցավոք, քիչ չեն լեռնական թալանչիական հոգեբանությամբ կառավարողները, դեռ չեն զգում իրենց իսկ վայրագ իշխանությամբ, թե ինչպես են սեղմում այդ զսպանակը, էլ ավելի վատ իրենց համար, որովհետև հաստատ գալու է պրկված զսպանակի պայթման օրը: Ժողովուրդն առայսօր համլետյան վեհությամբ տանում է իր ծանր բեռը, որովհետև գիտակցում է, թե ներքին երկպառակտումը ինչ ծանր հետևանքներ կունենա երկրի պաշտպանության համար - Ս.Հ ) պաշտպանունակությունը և կրկին հայտնվելու է 1920 թվականի երկընտրանքի առջև (1920 թվականի երկընտրանքն ո՞վ ստեղծեց: Երբ վտանգավոր և դարավոր թշնամին մեր դուռն էր բախում, մեր ժողովրդի լավագույն զավակները դաշնակ-բոլշևիկ էին խաղում: Ինչո՞ւ: Ինչո՞ւ իսպանական ժողովուրդը կարողացավ վերջ տալ ներքին երկպառակությանը և միավորվեց ընդդեմ ֆաշիզմի, իսկ մենք` ոչ: Վերջապես ո՞ւմ մասին է ասել Թումանյանն իր հանճարեղ խոսքերը այդ ժամանակաշրջանում: Մենք վերջնականապես ավերել ենք մեր երկիրը- Ս.Հ.), այսինքն` վերջնականապես բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար (հարգելի Լևոն Տեր-Պետրոսյան, դուք ի՞նչ արեցիք սովետներից ժառանգած հարուստ երկրի ունեցածը պահպանելու համար: Քո իշխանական թիմին ավելի քան բնութագրական կլինեն «Ալպիական մանուշակ» պատմվածքի բակունցյան տողերը. «Առէջքների մեջ թաղված բզեզին (ձեր թիմին ավելի բնութագրական կլինի կոյաբզեզ բառը- Ս. Հ.) աշխարհը ճոճք էր թվում, իսկ կյանքը` ծիրանագույն բուրաստան»: Կամ ինչպես հայտնի երգում Նազարը կասեր` կեր, խմի, քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ: Այդ հոգեբանությամբ էիք դուք մսխում հարուստ երկրից մնացած ժառանգությունը: Ամենևին չմտածես, թե քեզնից հետո եկողներին վերցնում եմ պաշտպանության տակ: Ամենևին- Ս. Հ): Սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ (ասա, հարգելի էքսնախագահ, նախկին դաշնության սուբյեկտո՞ւմ էր հայն ապահով, թե՞ հիմա, դաշնության սուբյեկտո՞ւմ էր ծաղկում հայ տաղանդավոր անհատը, թե՞ հիմա, գիտությունը, արվեստը, գրականությունը: Սոցիալական արդարությունը էն ժամանա՞կ էր նորմալ, թե՞ հիմա: Քո ժամանակ ծաղկում էր Գռզոյի կլանը, հիմա` Լֆիկի, մականունով Ծառուկյանի, և ո՞ւմ հաշվին, իհարկե, ոչ քո և քեզ նմանների: Ինչո՞ւ ամեն կարգի մականունով օլիգարխները չեն հեռանում երկրից, այլ միայն ժողովուրդը-Ս.Հ.) կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ (այստեղ կուզեի հիշել իմ համագյուղացու խոսքը, ասված դեռևս 1992 թվի ցուրտ ու խավար տարիներին: Դաշտում զրույցի ժամանակ նա, շուռ տալով հողը, ասաց` եթե հայրենիքը միայն հողը շուռ տալն է, ապա ես այն կարող եմ և՛ Ռուսաստանում անել, և՛ Պարսկաստանում, ցանկացած երկրում: Ճիշտ է հողի այդ մշակն իր փիլիսոփայությամբ: Կարծես իր պարզ փիլիսոփայությամբ նա կրկնում էր բանաստեղծի խոսքերը, որից դատարկ են նստում տերերը, միշտ ցեցերի գրպանն է լցվում: Այնպես որ, դու նորանկախ Հայաստանում ցեցերի կնքահայրն ես: Եվ այսօր հայ մարդն ավելի շատ այդ ցեցերից է անպաշտպան: Իսկ ցեցերի թիկունքին կանգնած եք դու և քո էությամբ դաստիարակված քո մարդիկ- Ս.Հ.): Այնպես որ, եթե վերադառնանք Ձեր նախորդ հարցին, ապա ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում:
Երբ կարդում էի այս տողերը, ակամայից կասկածանքի էի ենթարկում Աստծո գոյությունը: Այդքան բացահայտ չարություն Արարիչն ինչո՞ւ է ներարկել քեզ: Հետո ներողություն խնդրեցի Բարձրյալից այդպես մտածելու համար, որովհետև ինքս ինձ համար հայտնաբերել եմ մի փիլիսոփայություն: Ես մի պետ ունեի, ահավոր անկուշտ, չար, բամբասկոտ, որն ուներ մի հրաշալի, անչափ մարդամոտ, գեղեցիկ կին: Տարիները բացահայտեցին նրա չարության ողջ պատճառը: Լիարժեք տղամարդ չէր: Այդ պետ կոչվածի էությունը ինձ բացահայտեց Վոլտերը: Կարծեմ «Կանդիդում» է, երբ օազիսում ներքինին տեսնում է կիսամերկ ուշագնաց մի կնոջ, կռանում, համբուրում է նրա ճակատը և ասում` եթե ես տղամարդ լինեի՜: Ինչպիսի փիլիսոփայություն, տղամարդկային վեհ ցանկություն և ոչ մի չարություն: Ներքինուն չարամտորեն զրկել էին տղամարդկային այդ հատկանիշից չար մարդիկ: Կներես, բայց քո էության մեջ չարությունը ոչ թե Աստծուց է տրված, այլ չար ուժի կողմից: Ասեմ, որ ինձ համար անգամ քո ժամանակ ընտրությունը երբևէ ժանտախտի խրախճանք չի եղել: Ինձ համար խրախճանք էր, երբ ես հանձնաժողովի անդամ էի, և քո օգտին աշխատող լաքեյները չէին կարողանում լցոնում անել: Եվ դու միշտ պարտվել ես իմ գյուղում: Երբ էն ժամանակ գյուղապետին ասել են, թե պիտի լցոնես, պատասխանը կարճ էր եղել,- ընդամենը հինգ րոպե այդ մարդուն, այսինքն` ինձ, դուրս հանեք և ես իմ գործը կանեմ: Իսկ փետրվարի 18-ին իմ գյուղում իրոք խրախճանք է լինելու: ՈՒղարկիր որքան դիտորդ և ում կուզես: Կհամոզվես, որ իմ գյուղացիները, քո ժամանակ ավերված, իսկ իմ` կարճ ժամանակում ղեկավարած տարիներին շենացման համար են քվեարկելու, այն էլ ասեմ, ոչ կարուսել է լինելու, ինչպես քո ժամանակ, և ոչ էլ ալյուր ու ձեթ է բաժանվելու, ինչպես քո ժամանակ: Աշխատեիր, պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, և պահպանեիր ղարաբաղյան շարժման տարիներին ձեռք բերված ժողովրդական անսահման հարգանքն ու հեղինակությունը: Քո բոլոր անհաջողությունները փնտրիր քո մեջ: Որքան էլ ցույց տաս քո գրագիտությունը, կարդացածությունը, հիշես Ջեյմս Ռոբինսոնին կամ մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուն, ոչինչ չի փոխվի: Մի հարցադրում. երբ կարդացիր «Ինչո՞ւ են պետությունները ձախողվում» մեր հայրենակցի գիրքը, ակամայից մեջդ չառաջացա՞վ հետևյալ հարցադրումը` ինչո՞ւ են ձախողվում պետական, քաղաքական գործիչները, կոնկրետ, ինչո՞ւ ձախողվեցի ես (այսինքն` դու, Լևոն Տեր-Պետրոսյանդ, ՀՀ նախագահդ- Ս. Հ.): Մեծագույն փիլիսոփան, պարոն Լևոն, նա է, ով տեսնում է իր քթի տակ (տեսնում է իր քթի տակ -հին հույն փիլիսոփա Սոկրատեսի խոսքերն են): Ասվածին կավելացնեի դարձյալ հին ժամանակներից եկած խոսքով` իմ աչքի շյուղը տեսնելուց առաջ տես քո աչքի գերանը: Իսկ դու այն չես տեսնում: Քո եսը, այն էլ շատ վտանգավոր եսը, քո մարդատյացությունը թույլ չեն տալիս քեզ առողջ դատել, թույլ չեն տալիս քեզ ինքնամաքրվել, ներողություն խնդրել ժողովրդից` նրան պատճառած անթիվ դժբախտությունների համար: Ես չուզեցի կրկնել Հայրիկյանի կշտամբանքի խոսքերը ուղղված մեր ժողովրդին, որ այդքան քո` ժողովրդի հանդեպ կատարած հանցագործություններից հետո, ներել է քեզ: Դու խոսում ես ազատ մրցակցության և սեփականության անձեռնմխելիության ապահովման մասին: Թող թույլ տրվի հարցնել` այդ ո՞ր սեփականության, երկրի կողոպուտով, ժողովրդի թալանով ստեղծված սեփականությա՞ն մասին ես խոսում, որի կնքահայրը եղել ես դու` քո շրջապատի (նկատի ունեմ էն հարուստ ու հզոր երկիրը` ԽՍՀՄ-ը- Ս. Հ.) բոմժային կյանք վարողների հետ (ԽՍՀՄ-ում բոմժ-ի կարգավիճակն այլ էր, միայն «պեռաշկիանոցում պեռաշկիով և էժան պորտվեյնով» օրն անցկացնողներին նորմալ մարդիկ բոմժ էին ասում), որոնք խաղալով ժողովրդի ազգային զգացմունքների վրա, եկան իշխանության: Դու ամեն կերպ քեզ սրբացնում ես, խոսում ես ավազակապետությունից, ավազակախմբից: Ինչպես դու, այնպես էլ քո հետնորդներից շատերը նշում են մեր երկրի աղքատ լինելու մասին: Թող թույլ տրվի հարցնել, հարգելի Լևոն Տեր-Պետրոսյան, եթե առայսօր երկիրն այդքան աղքատ է, բա էդ միլիարդատերերը որտեղի՞ց են հարստացել: Մի քանի անձանց ունեցվածքն ավելի շատ է, քան երկրի բյուջեն: Աղքատ երկրի բլեֆի հիմնադիրը դու ես, որ հետո կրկնել և հարստանալով կրկնում են քեզնից հետո եկածները: Դո՞ւ չէիր ասում, որ Ռուսաստանն ու Ղազախստանը հեռու են մնում ցնցումներից, որովհետև ունեն բնական հարստություններ: Իսկ մենք չունենք, հարգելի Լևոն: Բա էն, որ միայն Ջերմուկով երկիրը կարող եք պահել, ի՞նչ եղավ: Ջերմուկը ծաղրի ժանրից, բայց մենք իրոք աղքատ չենք: Ո՞վ ավերեց Ալավերդու պղնձի գործարանը, Երևանում գործող «Անդրկովկասկաբել» խոշոր գործարանը: Տարեկան 40 հազար տոննա պղինձ և կաբելի արտադրություն: Ի՞նչ եղավ այդ ամենը: Միայն այս մեկ օրինակը բավական է, որ ցույց տրվի քո և քո թիմակից, այսօր 100 քայլից ճամարտակող նախագահի թեկնածուի գնահատականը: Հարցազրույցը վկայում է, որ դու միշտ սիրում ես էքստրեմալ (երբ նման վիճակ ստեղծվում է քեզ համար, հիշիր, երբ քեզ հեռացրին իշխանությունից, «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, չեխ լրագրողուհի Մոզալովային տված հարցազրույցդ 1996-ին, «Վաշինգտոն փոստին»` 2008-ին, և այսօր էլ քեզ համար էքստրեմալ վիճակ է: Երբ քո Լիմենսի սլաքը, որպես քաղաքական գործչի, ձգտում է զրոյի, փորձում ես իմաստուն երևալ- Ս. Հ.) պայմաններում անել «խելացի» գուշակություններ, մոռանալով, որ մարգարե չեն դառնում, այլ ծնվում են: Այդ քո ո՞ր կանխատեսումներն են իրականություն դարձել: Ադրբեջանից շատ թույլ էինք, բայց հաղթեցինք: Աղքատ երկիր ենք, բայց մաքառելով և տոկալով այսօր ոտքի ենք կանգնել: Ոտքի կանգնելու մասին ասեմ: Հիշո՞ւմ ես, երբ քեզ ասում էին` ժողովուրդն աղքատ է, դու, կներես, ցինիկորեն, թե սարկազմով, հավելում էիր` եթե այդպես է, բա Երևանում այդքան ավտոներ ո՞նց են քշում: Ասեմ, որ հիմա ողջ Հայաստանում արտասահմանյան մեքենաներն են շատ, և Երևանում էլ` խցանումները: Բայց դա մի՞թե չափանիշ է, որ քեզնից սերտած կրկնում են քեզնից հետո շատերը: Արևմուտքը ոչ թե հստակ ռազմավարություն չունի Անդրկովկասում, այլ դրան խոչընդոտում է Հայաստանը: Վրաստանը մոտ 10 տարի ունի բացահայտ արևմտյան կողմնորոշում: Ի՞նչ է այսօր կատարվում այնտեղ: Արևմուտքն էլ է լավ հասկանում, որ քիթը կջարդվի, եթե փորձի մտնել ուրիշի պատմականորեն ստեղծված ազդեցության գոտի: Հայաստանը վերուստ հարկադրված պատմականորեն ստեղծված այդ գոտու հավատարիմ շունն է (Ռուսաստանի հավատարիմ շունն է Անդրկովկասում- Օ. Բիսմարկ): Եթե ոմանք կարծում են, թե 21-րդ դարի տեխնոլոգիայի պայմաններում եվրոպական տանկերը կբարձրանան հայոց լեռները, չարաչար սխալվում են, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն անցած դարի 90-ական թվականներին: Վերջերս Կարեն Շահնազարովը «Աշխարհի հայերը» հաղորդաշարում ասաց, ավելի ճիշտ հաստատեց իմ այն համոզմունքը, որ անցած դարի 90-ական թվականներին (գուցե և այսօր էլ, չեմ կարող ասել) Լևոն Տեր-Պետրոսյանը վաղուց կործանած կլիներ Հայաստանը, եթե որոշակի ուժեր ևս կտրվեին Ռուսաստանից:
-Հայրս, Գեորգի Խոսրովի Շահնազարովը, հանդիպել է այդ ժամանակ Լևոնի հետ և խնդրել, որ չխզի Ռուսաստանի հետ կապերը, որովհետև նա հզոր երկիր է, ինչին հետևել է Լևոնի պատասխանը` Թուրքիան էլ է հզոր երկիր: Մեկնաբանություններն ավելորդ են: Որպեսզի մենք չդառնանք Ռուսաստանի գուբերնիան, որպեսզի Ռուսաստանը հարգի և հաշվի նստի մեզ հետ, երկրի կառավարողն առնվազն Ներսես Աշտարակեցի կաթողիկոս պիտի լինի: Էքսնախագահը խոսում է այդ հարցազրույցում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի, 2008 թվի մարտի մեկի հանցագործությունների չբացահայտման մասին: Հիանալի անձնավորություն է, մարդասեր, մարդու արյունը թանկ գնահատող անհատ է մեր 1-ին նախագահը: Բայց կուզեի հարցնել այդ մարդասեր նախագահին, բա 1990 թվականի մայիսի 27-ի ավանտյուրան ինչո՞ւ չես հիշում, «հարգելի» Լևոն, որին զոհ գնաց 31 մարդ: Չի հիշում, որովհետև մտածում է, որ մեկ մարդու սպանողը հանցագործ է, իսկ մեկից ավելին` քաղաքական գործիչ: Իսկ ինքը քաղաքական գործիչ է: Մոռանալով անշուշտ, որ նրանք, ում կասկածում է 1999-ի և 2008-ի ոճրագործությունների համար, իրենց նույնպես քաղաքական գործիչ են համարում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Որպեսզի երկիրը մոտակա տարիներին ունենա իսկական քաղաքական գործիչներ, Լևոն Տեր-Պետրոսյանը գիտակցաբար պիտի թափուր թողնի որոշ ժամանակ ընդդիմադիր դաշտը: Սուրբ տեղը երկար ժամանակ դատարկ չի մնա: Իմ համոզմամբ, մի քանի տարի հետո Հայաստանում վերջնականապես կհստակեցվի քաղաքական դաշտը, և ասպարեզ կգան ոչ թե ՀՀՇ-ական հոգեբանությամբ պետական կառավարման աթոռին մոտեցող գործիչներ, այլ իսկական հայրենասեր կառավարողներ. դրանք կլինեն Նժդեհներ, Խանջյաններ, Զարոբյաններ:
Հավատամ, որ Լևոնի դիվային գուշակություններն իր հետ կմնան ժողովրդից մեկուսացված իր սև քարով շարված առանձնատանը:

Դիտվել է՝ 3090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ